ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՕՊԵՐԱՑԻԱ-ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄ»

«ՕՊԵՐԱՑԻԱ-ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄ»
30.11.2010 | 00:00

Օրերս բնակարանային հարցերով այցելեցի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանում, որտեղ ցանկացած գործարքի համար, բնականաբար, պահանջվում է անձնագրի պատճենը: Դե, այնպիսի ժամանակներում չենք ապրում, որ յուրաքանչյուրս իր տանն ունենա պատճենահանման ապարատ, որի աղետալի հետևանքով բոլորս ստիպված ենք գործարքների համապատասխան վայրեր մեկնել առանց պատճենների: Բայց բավական է, որ նշված վայրերում պետք լինեն այդպիսիք, որպեսզի մարդ ուղղակի ընկնի հետաքրքիր ոդիսականի մեջ: «Որտե՞ղ կարելի է պատճենահանել» հարցին ի պատասխան, Դավթաշենի տարածքային ստորաբաժանման աշխատակցուհին, խառնված հազար թղթերի ու հաճախորդների մեջ, գլխով մի անհայտ շարժում է անում: Երբ տարածքը զննած հաճախորդը կրկնում է հարցը, վերջինս բացատրում է. «Դուրս եկեք, կողքի մասնաշենքում, թաղապետարանի շենքում կա պատճենահանման սարք»: Ինչ արած, թշվառս էլ, տասնյակ հաճախորդների նման, դուրս է գալիս սենյակից ու շենքից, և խառնիխուռն շենքերի մեջ սկսում փնտրել այդ անիծյալ թաղապետարանի մուտքը: Գտնելով և այդ փաստի կապակցությամբ ուրախություն ապրելով` մտնում ենք շենք: Այս փուլում մենք պարտավոր ենք բազմաթիվ սենյակների մեջ փնտրել պատճենահանման որևիցե նշան, որը չկա ու չկա... Վերջապես հասնում եմ թաղապետի ընդունարանի մատույցներ: Մտածելով, որ գուցե թաղապետի մոտ է այդ անիծյալ սարքը, ուզում եմ մտնել ընդունարան, հանկարծ, որտեղից որտեղ, այդ միջանցքներում է հայտնվում մի օրիորդ, որից ես տեղեկանում եմ, որ թաղապետարանում չէ մեր փնտրածը, այլ նրան կից մի շինության մեջ: Դուրս ենք գալիս և մտնում մեր դեգերումների հաջորդ փուլ: Այս փուլում մենք պետք է գտնենք այդ կից շինությունը: Չմոռանամ նշել, որ այս փուլում մենք հանդիպում ենք նաև այդտեղ բնակվող գամփռ շների, որոնք արյունարբու կերպարանքներով պառկած են մեր ճանապարհին: Մտածում ես` քայլ անե՞ս, թե՞ կարող է վայրկյաններ անց գանգատուփդ հայտնվել նրա բերանում: Ի վերջո, հաղթահարելով նաև այդ մղձավանջը, գտնում ենք այդքան սպասված կից շինությունը, որտեղ էլ անփորձանք իրականացնում ենք անձնագրի պատճենման օպերացիան:
Միտումնավոր մանրամասնեցինք, բայց մի բառ անգամ չչափազանցրինք այս դեպքը, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչու են մեր գործարքների տարբեր վայրերում գոյանում այդքան հերթեր, այդքան նյարդայնանում մարդիկ, թե ինչու է կորչում մեր ոսկի ժամանակը: Իրականում, եթե մարդը մի տարրական գործարքի համար անիմաստ տեղը 12-15 անգամ մոտենա պատուհանին, ապա պարզ է, որ աշխատակցուհին պետք է ոչ թե ծառայություններ մատուցի, այլ իր ժամանակի առյուծի բաժինը ծախսի զանազան անտեղի հարցադրումներին պատասխանելու վրա: Պատճենահանման սարք, տեսնես դու որքա՞ն արժես, որի պատճառով օրական տասնյակ մարդիկ իրենց նյարդային ճանապարհորդությունն են կատարում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման ու թաղապետարանի քունջ ու պուճախներում:
Հավելյալ նշենք, որ ոչ միայն նշված վայրում է նույն վիճակը, այլև մեր հանդիպած ուրիշ տեղերում նույնպես: Օրինակ` ՀՀ ոստիկանության Դավթաշենի տարածքային անձնագրային բաժնում: «Որտե՞ղ կարելի է պատճենահանել» հարցին ի պատասխան լսում ենք. «Այս շենքերից դուրս եկեք փողոց, դիմացի խաչմերուկում կարող եք պատճենահանել»:
Իր տարածքային ստորաբաժանումից բնավ հետ չի մնում նաև մայր կառույցը` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Անվերջանալի ու նյարդային հերթերի պայմաններում մահկանացուն ստիպված է հաշվառման ձևաթուղթը լրացնելուց հետո դուրս գալ մասնաշենքից, դիմել դիմացի շենքում գտնվող ծառայություններ, որպեսզի իր ձևաթղթի երկու օրինակ պատճենահանի, ընդ որում` շուկայականից մի քանի անգամ բարձր գներով (տղերքը գործ են անում, էլի): Պատճենահանման հաջող ընթացքից վերադարձածներն էլ, նշյալ անվերջանալի հերթերի պայմաններում, ուղղակի կես ժամ տատանվում են` «ջարդե՞լ» հերթը, թե՞ ամոթ է: Ի վերջո, երբ հերթերում ձանձրացող և քրիստոնեապաշտ մեկը որսում է «պատճենահանվողի» աղիողորմ հայացքը և բարձրաձայն հայտարարում, որ էս մարդը ուրիշ գործով է, թողեք, երկար ճանապարհ բացեք, թող պատճենները ներս մտցնի: Այս խոսքերից ազդված և երախտագիտության փայլն աչքերին` «ճանապարհորդը» ներս է մտնում և հազար ներողություն խնդրելով միանգամից ցույց է տալիս պատճենները, որպեսզի «շեֆերը» չկարծեն, թե նա անշնորհքություն է արել և առանց հերթի համարձակվել է մտնել ներս:
Ի՞նչն է այս ամենի հիմքում. տարրական կազմակերպվածությունն ու քաղաքացիներին ծառայելու կուլտուրան, որը, ցավոք, մեզ մոտ լուրջ խմբագրման կարիք ունի: Արդյունքում` քանի այս ծառայությունների ղեկավարները չեն հոգում քաղաքացիների արդյունավետ սպասարկման մասին և զլանում են իրենց բյուջեից էժանագին պատճենահանման սարքեր գնել և տեղադրել` այն էլ ամեն սենյակում մի քանի հատ, թող տառապեն և՛ քաղաքացիները, և՛ սեփական աշխատակիցները:
Հասարակ բան է իմ այս մտահոգությունը, սակայն, հավատացեք, շատ բաներ սկսվում են հենց այս, տարրական համարվող, բաներից: Հուսով եմ, որ այս մտահոգությունը կկիսեն նաև մեր ԶԼՄ-ների ներկայացուցիչները, և, եթե տեսնեն, որ փոփոխություններ չկան, Նոր տարվա կողմ հավաքվենք և 2011 թվականը հայտարարենք պատճենահանման սարքերի գնման և տեղադրման տարի:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ